Ջութակահար, ԵՊԿ լարային ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն
Մարտուն Կոստանդյանը ծնվել է 1980 թ.-ի հունվարի 21-ին, Երևանում։ 1994-1998 թվականներին հանդես է եկել «Սերենադ» կամերային նվագախմբի կազմում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային ֆակուլտետը (Ս. Հախնազարյանի դասարան), 2000 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկավար՝ Է. Թադևոսյան)։ 2000 թվականին ավարտել է նաև Լովրանի (Խորվաթիա) կոնսերվատորիան (ասպիրանտ-ասիստենտ)։ 2000 թվականին սկսել է դասավանդել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 2005 թվականին դարձել է նույն դպրոցի փոխտնօրենը, 2010 թվականին՝ տնօրենը։ 2010 թ.-ին նաև սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում։ 2015 թ.-ին հիմնադրել է Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը։ Նույն թվականին դարձել է արվեստագիտության թեկնածու։
Մարտուն Կոստանդյանը հեղինակել է միջազգային մի շարք նախագծեր, գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են Տ. Չուխաճյանի սիմֆոնիկ ստեղծագործությանը։ Որպես մենակատար՝ Մարտուն Կոստանդյանը հանդես է եկել մի շարք համերգներով։
2014 թ.-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի, 2017 թ.-ին արժանացել է Ֆրանսիայի Ռոման քաղաքի «Պատվո նշան» շքանշանի։
2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։