Սերգեյ Սմբատյան

դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

 

Սերգեյ Սմբատյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում 1987 թ.-ի սեպտեմբերի 23-ին, Երևանում։ Նա կրթություն է ստացել Կոմիտասի անվան և Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիաներում։  Հետագայում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, ինչպես նաև ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան։ 2006 թ.-ից հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավարը, իսկ 2019 թվականի սեպտեմբերից նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրելիս Սմբատյանը 18 տարեկան ուսանող էր։ Նրա ղեկավարությամբ նվագախումբը երիտասարդական անսամբլից վերափոխվել է լիակազմ պրոֆեսիոնալ նվագախմբի, որը լավագույններից մեկն է Հայաստանում։

Բացի դիրիժորական գործունեությունից, Սմբատյանը նաև նշանակալից ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային կյանքում՝ որպես 4 երաժշտական փառատոների և Խաչատրյանի անվան միջազգային ամենամյա մրցույթում դիրիժորության անվանակարգի հիմնադիր։ Սերգեյ Սմբատյանը վերջին տարիներին ստեղծել է մի քանի այլ նվագախմբեր. «24/04» նվագախումբը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի, «Անկախության սերունդ» համահայկական նվագախումբն ու երգչախումբը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի մանկական կամերային երգչախումբը՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին և Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որի նպատակն ամփոփված էր աշխարհասփյուռ հայության միավորման գաղափարում։ Նա նաև ստեղծել է «ԴասԱ» նախագիծը՝ ավագ դպրոցում իրականացվող ծրագիր, որն աշակերտներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու դասական երաժշտությանը։

Սերգեյ Սմբատյանի նվաճումների շարքում են Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչումը և Բեռլինի ֆիլհարմոնիայում անցկացված «Բեռլինյան դեբյուտ» միջազգային համերգային մրցույթում նրա ստացած առաջին մրցանակը։ 2014 թվականին նա դարձել է արվեստի բնագավառի ամենաերիտասարդ գործիչը և առաջին հայը, որին Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարի կողմից շնորհվել է «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսը։ Սերգեյ Սմբատյանը «Յունիսեֆ»-ի ազգային դեսպան է։ Նա եղել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր 2024-2024 ընթացիկ համերգաշրջանի համար։ 

2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։