կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Արամ Սաթյանը ծնվել է 1947թ. մայիսի 23-ին, Երևանում: 1961թ. ավարտել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը և առաջին պրոֆեսիոնալ քայլերն արել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի բաժնում (պրոֆ.՝ Էդ. Բաղդասարյան): 1970թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (պրոֆ.՝ Ալ. Հարությունյան)։ 1965-1966 թթ. դաշնամուր և երաժշտատեսական առարկաներ է դասավանդել Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում: 1970թ.-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1973-80թթ. աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում` որպես երաժշտական խմբագիր և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1986 թթ. կոմպոզիցիա է դասավանդել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1980-86թթ.` ղեկավարել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժինը: 1986 թ.-ից ԵՊԿ ստեղծագործական ամբիոնի դասախոս է։ 1990-1994թթ. եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-1997թթ. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը: 1997 թ.-ին ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան։
Արամ Սաթյանը հեղինակել է օպերաների, սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունների, թատերական ներկայացումմների և ֆիլմերի համար գրված երաժշտություններ։
1980 թ.-ին արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության պետական մրցանակի։ 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2013 թ.-ին «Տարվա լավագույն անվանակարգում հաղթել է «Մորգանի խնամին» մյուզիքլի համար և արժանացել է «Արտավազդ» մրցանակի։ 2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն է, վերընտրվել է 2017 և 2022 թվականներին։ 2017 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։2022 թվականին մշակույթի գործում ներդրված նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։