Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր, «Բերբերյան Փրոդաքշն Ստուդիոս» -ի հիմնադիր
Անդրանիկ Բերբերյանը, ծնվել է 1994 թվականի օգոստոսի 15-ին Երևանում։ Որպես կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր հայտնի է իր ստեղծագործություններով երաժշտական և կինոարտադրության ոլորտներում։ Բերբերյանը Երաժիշտների ընտանիքից է: 2001-2008 թվականներին երաժշտական կրթությունը սկսել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ջութակի դասարանում։ Նա շարունակել է իր կրթությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 2016 թվականին ստացել է երկու բակալավրի աստիճան՝ կոմպոզիցիայի մասնագիտությամբ (Արամ Սաթյանի դասարանում) և սիմֆոնիկ ու օպերային դիրիժորության մասնագիտությամբ (Ռուբեն Ասատրյանի դասարանում)։ 2018 թվականին Բերբերյանը ստացել է մագիստրոսի աստիճան կոմպոզիցիայի բաժնում:
Բերբերյանի երաժշտական ժանրային բազմազանությունը նրան հնարավորություն է տվել աշխատել Հայաստանյան ականավոր նվագախմբերի և անսամբլների հետ, ինչպիսիք են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հարությունյան փայտյա-փողային քառյակը , Երևան լարային քառյակը և այլ խմբեր, համագործակցելով մի շարք նախագծերում և ձայնագրելով կոմպոզիտորի ֆիլմ երաժշտությունները :
2016 թվականին նա համահիմնադրել է «QuarterTone» ՀԿ-ն՝ նպատակ ունենալով զարգացնել և խթանել ժամանակակից հայկական ակադեմիական երաժշտությունը։
2017 թվականին Բերբերյանը հիմնադրել է «Symbolium Inc.» Սիլիկոնյան հովտում ՏՏ ոլորտի Երաժշտակրթական ստարտափը, հանդիսանալով կազմակերպության գործադիր տնօրեն և հիմնադիր:
2021 թվականին հիմնադրել է «Բերբերյան Փրոդաքշն Սթուդիոս»-ը Հայաստանում՝ նպատակ ունենալով ստեղծել երաժշտական և հնչյունային արտադրության համալիր կենտրոն։
Որպես կոմպոզիտոր՝ Բերբերյանը գրել է երաժշտություն այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Վարդապետի լռությունը», «Արմատներ», «Կյանք ու կռիվ» (2016, 2017), «Էրկեն Կիշեր» , «Կաֆկայի երազը», «Սողոմոնի երգերը», «Ամերիկացի», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «Մեդալի հակառակ կողմը» և այլն։ Բացի այդ, հեղինակել է ստեծագործություններ միջազգային խոշոր իրադարձությունների համար, ինչպիսիք են՝ 2023 թվականի «Եվրոպայի ծանրամարտի առաջնություն»-ը, 2024 թվականի «ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի համերգ»-ը և «Expo 2020 Dubai»-ի հայկական ցուցադրությունը։
2022 թվականին նա արժանացել է «Անահիտ» մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում «Սողոմոնի երգերը» ֆիլմի երաժշտության համար:
2024 թվականին ևս արժանացել է «Անահիտ» մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար։ 2024 թվականին կարճամետրաժ ֆիլմի համար հեղինակած «Սիրո ֆոտոսինթեզ» ստեղծագործությունը արժանացել է «Golden Soundtrack» և «Golden Overall Soundtrack» մրցանակների միջազգային «Golden Short Film Festival»-ում։
2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։