Արմեն Մարտիրոսյան

կոմպոզիտոր, Ակադեմիայի խորհրդի նախագահ

 

Արմեն Մարտիրոսյանը ծնվել է 1963թ. փետրվարի 25-ին Երևանում: 1970-75 թթ. սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1980-85 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1985-90թթ. աշխատել է Երևանի գեղագիտական դաստիարակչական կենտրոնում, 1991-92թթ.՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես երաժշտական ղեկավար: Իր երաժշտական գործունեության ընթացքում աշխատել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում: 1991-95թթ. աշխատել է Շվեյցարիայում՝ որպես դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող, 1995-97թթ.՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես գործիքավորող: 1997-2011թթ. հանդիսացել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը: Այդ տարիներին նվագախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեայի հետ: Հանդիսացել է 2006, 2010 և 2015 թվականներին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի երաժշտությունների հեղինակը («Without your love», «Apricot stone», «Face The Shadow»): Հեղինակել է նաև «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Հայաստանը դու ես», «Կիլիկիա» և այլ ստեղծագործություններ: 2006թ.-ին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգը արժանացել է «Տարվա լավագույն երգ» մրցանակին: 

 

Որպես կոմպոզիտոր և գործիքավորող՝ հանդիսատեսի դատին է հանձնել ավելի քան 300 ստեղծագործություն: Հեղինակել է մի շարք ֆիլմերի և ներկայացումների երաժշտություններ, այդ թվում՝ «Տեր Ողորմյա», «Խաթաբալադա» ներկայացումների: Հայտնի ստեղծագործություններից են նաև «Mountain Dance», «Masisamba», «Eastern Blues» և այլն: Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչ-երգչուհիների հետ՝ Շառլ Ազնավուր, Չիկ Կորեա, Ջիվան Գասպարյան և այլն: 

 

2007թ.-ին արժանացել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2010թ. տեղափոխվել է Կանադայի Վանկուվեր քաղաք, որտեղ աշխատում է սեփական ստուդիայում: 

 

2024 թվականից հանդիսանում է «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի նախագահը։