դիզայներ, երգահան, քանդակագործ, նկարիչ
Արման Նուռը ծնվել է 1971 թ.-ի հոկտեմբերի 11-ին, Երևանում։ Ստեղծագործական ուղին սկսել է Մանկական գեղագիտական կենտրոնում՝ մասնակցելով խեցեգործության դասընթացների: 1991թ.-ին ընդունվել է Երևանի Թորոս Ռոսլինի Կիրառական արվեստների ինստիտուտի մետաղի մշակման ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է մի շարք ցուցադրությունների: 1994 թ.-ին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում արժանացել է «Յուվելիռ 1994» միջազգային ցուցահանդեսի առաջին մրցանակին: «Միսս Մոսկվա 2005» գեղեցկության մրցույթի գլխավոր թագի հեղինակն է:
Թորոս Ռոսլինի Կիրառական արվեստների ինստիտուտն ավարտելուց հետո նույն հաստատությունում դասավանդել է դիզայն և արվեստի պատմություն, իսկ հետագայում նաև դարձել ինստիտուտի պրոռեկտորը: 1998 թ.-ին վերապատրաստվել է Մայամիի Արվեստի և դիզայնի միջազգային համալսարանում:
1999 թ.-ից Արման Նուռը «Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրենն է: Մեկ տարի անց նա դարձավ Հայաստանի դիզայներների միության և Դիզայներների միջազգային միության անդամ: 2001թ.-ին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում Նուռն արժանացել է «Յուվելիռ 2001» միջազգային ցուցահանդեսի «Ամենալավ ոսկերչական ստեղծագործություն» մրցանակին: Նույն թվականին ունեցավ անհատական ցուցահանդեսներ Երևանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 2004 թ.-ին տեղի ունեցան անհատական ցուցահանդեսներ Երևան, Դյուսելդորֆ, Քյոլն, Բոնն, Բրյուսել, Փարիզ, Վիեննա, Մոսկվա քաղաքներում:
2007 թ.-ին Նուռը ստեղծեց «Արատտա» հավաքածուն, որը ներկայացվեց Ռուսաստանի նորաձևության շաբաթվա շրջանակում Մոսկվայում և արժանացավ Բարձրագույն մրցանակի: 2007-2010 թթ. «Արատտա» հավաքածուն մասնակցել է Մոսկվայի և Թբիլիսիի նորաձևության շաբաթվա բացման արարողությանը, որտեղ Նուռը հանդես եկավ որպես պատվավոր հյուր:
2010-2012 թթ. նա եղել է Նախագահի երիտասարդական մրցանակի ժյուրիի անդամ: 2012 թ.-ին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: 2013 թ.-ին Նուռը ստեղծեց 2.5 մետրանոց «Ընթերցողը» բրոնզե հուշարձանը՝ նվիրված Երևանի` 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն։ Նույն թվականին նրան շնորհվեց ՀՀ նախագահի Մովսես Խորենացի մեդալ:
Երկու տարի անց Երևանում դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ Նուռը ներկայացրեց «Գալերի 100» համատեղ նախագիծ-ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2016 թ.-ին Երևանի պատմության թանգարանում Նուռը հանդես եկավ հայ կնոջը նվիրված «ՈՒՀԻ» անհատական ցուցադրությամբ:
2017 թ.-ին Իտալիայում Արման Նուռը արժանացավ Ֆլորենցիայի Բիենալեի Լորենցո իլ Մանիֆիկո Ոսկե մեդալի՝ «Ճանճը» նախագծի համար:
2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։