Պրոդյուսեր, «Շարմ հոլդինգ» ընկներության համահիմնադիր, «Հայկական ազգային կինոակադեմիա» ՀԿ-ի նախագահ, «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ի համահիմնադիր
Ռուբեն Ջաղինյանը ծնվել է 1969թ. ապրիլի 28-ին, Երևանում: 1994թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1991-1994 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերին և երկու անգամ դարձել հաղթող: 1991թ.-ին համահիմնադրել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը և մինչև 2013 թ.-ը եղել է ընկերության գլխավոր տնօրենը, 2005-2009թթ. եղել է «Երևան» ամսագրի նախագծի ղեկավարը, 2006-2011թթ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենթ» կուրսի ղեկավարը։ 2013-2019թթ հանդիսացել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը: 2019 թ.-ից Հայկական ազգային կիոակադեմիայի նախագահն է։
Ռուբեն Ջաղինյանը 2005 թ.-ից Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, 2006թ.-ից՝ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2018թ.-ից՝ Եվրոպական կինոակադեմիայի անդամ։
Նա մի շարք սոցիալական ծրագրերի պրոդյուսեր է, որոնք իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի, «Փրկեք երեխաներին» և այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նա իրականցրել է մի շարք նախագծեր ռուսական հեռուստաընկերությունների հետ (ORT, RTR, STS և այլն), ինչպես նաև միջազգային մրցանակակիր երաժշտական նախագծերի գլխավոր պրոդյուսեր է՝ «Երևան-տրանզիտ» (2006-2009), «Հայկական ջազ - 70» (2008)։
Ռուբեն Ջաղինյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ հաջողված գեղարվեստական ֆիլմերի գլխավոր պրոդյուսեր է եղել, ինչպիսիք են՝ «Մեր բակը» ֆիլմաշար (1996, 1998, 2006), «Տաքսի էլի լավ ա» (2009), «Պահանջվում է միլիոնատեր» (2010), «Փեսացուն կրկեսից» (2011), «Պոկեր.am» (2012), «Կյանք ու կռիվ» (2016), «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» (2017), «Երազներ և ճանապարհներ» (2017), «Մեր բակը. 25 տարի անց» (2021), «Վիշապ» (2022), «Ռոզալի» (2023), «Ճակատագրի տիրուհի» (2024) և այլն։ Ինչպես նաև եղել է վավերագրական ֆիլմերի գլխավոր պրոդյուսեր՝ «Քանի ես եմ» (2000 թ.), «Կախարդի աշունը» (2008 թ.), «Մեկ լուսանկարի պատմությունը» (2009 թ.), «Արվեստակիրներ» (24 ֆիլմերի ցիկլեր հայ մշակույթի նշանավոր գործիչների մասին (2009 թ. -2013)) և այլն։ Ձեռնարկել է նաև լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ «Անահիտ» (2014), «Ցարի արկածները» (2021)։
Նա իր գործունեության ընթացքում ունեցել է հատուկ նախագծեր. «Հատուկ նպատակի երգեր»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի 15-ամյակին, «Էրեբունի-Երևան» տոնակատարություններ (2007,2009,2010,2012), երաժշտական նախագիծ՝ «Հայ համերգ» (2019) և այլն։
Ռուբենը նաև թատերական բեմադրությունների գլխավոր պրոդյուսեր է՝ «Սպարտակ» բալետ (2009), որը բեմադրել է Յուրի Գրիգորովիչը (ՌԴ), «Աիդա» (2010) օպերա՝ Մարիո Կորրադիի (Իտալիա), «Սիրո կամուրջ» մյուզիքլ (2013) և այլն։
2007թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալի Ազգային բանակի կայացման և ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար, 2008թ.-ին` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի հայկական մշակույթի բնագավառում ակնառու ստեղծագործական նվաճումների համար։ Նույն թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի հայկական ջազի 70-ամյակին նվիրված ջազի տարվա կազմակերպման համար, 2009թ.-ին՝ ՀՀ նախագահի մրցանակի՝ արվեստում ունեցած ավանդի համար։, 2015թ.-ին արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: 2016թ.-ին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի, 2018թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։
2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» համահիմնադիր է և խորհրդի անդամ։