Վազգեն Պողոսյան

Պրոդյուսեր, “Background Production”-ի հիմնադիր, «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ի համահիմնադիր և խորհրդի անդամ

 

Վազգեն Պողոսյանը ծնվել է 1984թ.-ի մարտի 19-ին Երևանում։ Կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում՝ «Արվեստի կառավարում» բաժնում։ Մագիստրոսի աստիճան ստացել է Երևանի պետական համալսարանում՝ «Կառավարում» մասնագիտացմամբ։ 

 

Վազգեն Պողոսյանը ծառայության տարիներին ՀՀ զինված ուժերում իր նախաձեռնությամբ հիմնադրել է զորամասի առաջին նվագախումբը։ Ունենալով շուրջ 20 տարվա փորձ՝ որպես գործադիր և կրեատիվ պրոդյուսեր՝ Վազգեն Պողոսյանը եղել է բազմաթիվ մեծամասշտաբ հանրային և պետական միջոցառումների կրեատիվ ուժն ու շարժիչը՝ մշտապես ձգտելով նորարարական և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ նախագծերի իրականացմանը։ Նա հանդիսանում է 2024թ.-ին հիմնադրված «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամի համահիմնադիրը և խորհրդի անդամը, ինչպես նաև 2022թ.-ին հիմնադրված և արդեն իսկ մեծամասշտաբ հանրային, պետական և միջազգային միջոցառումների նախագծման և կազմակերպման ոլորտի հենասյուններից մեկը հանդիսացող «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերության հիմնադիրը և տնօրենը։ «Բեգրաունդ Փրոդաքշն»-ի կողմից նախորդ տարիներին կազմակերպվել են որպես հյուրընկալող երկիր առաջին անգամ Հայաստանում անցկացված մի շարք զանգվածային, մասշտաբային և բացառիկ միջոցառումներ, ինչպես օրինակ՝ 2024թ․ մայիսի 14-ից 16-ը Երևանում անցկացված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) 2024թ.-ի տարեկան հանդիպումը/գործարար համաժողովը և դրա բացման հանդիսավոր արարողությունը, 2023թ․ ապրիլի 15-23-ը Երևանում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը և դրա բացման հանդիսավոր արարողությունը, «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային 20-րդ հոբելյանական մրցույթի շրջանակներում 2022թ․ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում կայացած մրցույթի բացման՝ «EUROVILLAGE»-ի և կարմիր գորգի հանդիսավոր արարողությունները։ Բացի դրանից՝ նրա գլխավորությամբ կազմակերպվել են ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունները (2022-2023թթ․), ինչպես նաև 2023թ․-ի ապրիլի 30-ին տեղի ունեցած Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը՝ ջազային երաժշտարվեստում մեծ համբավ ու հռչակ ունեցող երաժիշտներ Էրիկ Տրյուֆազի, Դաֆեր Յուսեֆի և այլոց մասնակցությամբ։

 

2021թ.-ի դեկտեմբերից 2022թ.-ի փետրվարն ընկած ժամակահատվածում Վազգեն Պողոսյանը եղել է Հանրապետության նախագահի օգնականը և նախագահական նախաձեռնությունների ու Հանրապետության նախագահի հովանու ներքո թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կազմակերպվող տարբեր, այդ թվում՝ մշակութային, միջոցառումների պատասխանատուն։ 

 

Վազգեն Պողոսյանի անցած ուղին ընդգրկում է նաև մի շարք այլ պետական և հանրային նշանակալի միջոցառումների նախագծումը և համակազմակերպումը, ինչպես օրինակ՝ 2019թ․-ին Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացած «Դասական Ջեքսոն» համերգային նախագիծը, Հանրապետության նախագահի հովանու ներքո 2019, 2020, 2021 թվականներին կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ները /“Armenian Summit of Minds”/, 2018թ․-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումները, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում կայացած Զազի, Մելոդի Գարդոյի, Անժելիկա Կիժոյի երևանյան համերգները, «Պրոմեթեյ Բանկի»՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վերափոխման ռեբրենդինգի 2017թ.-ի հիմնական միջոցառման և դրան հաջորդած այլ միջոցառումները։ 

 

Ավելի վաղ Վազգեն Պողոսյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել Հանրային հեռուստաընկերությունում։ 2016թ․-ին ակտիվ ներգրավված է եղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ՀՀ այցին, իսկ 2015թ․-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։ 2014թ.-ին նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր։ 2013թ.-ին եղել է Հանրապետության Հրապարակում կայացած՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգի գլխավոր պրոդյուսերը։ Հեռուստաընկերությունում աշխատելու տարիներին հանդիսացել է մի շարք նախագծերի գործադիր պրոդյուսերը, ինչպիսիք են՝ «Եվրատեսիլ», «Մանկական Եվրատեսիլ», Բենեֆիս» և այլն։ 

 

2005-2009թթ. Վազգեն Պողոսյանն աշխատել է «Շարմ հոլդինգ»-ում։ Նա ակտիվ ներգրավված է եղել «Երևան-Մոսկվա․ տրանզիտ» և «Երևան-Կիև․ տրանզիտ» նախագծերում, «Հայկական ջազը 70 տարեկան է» հոբելյանական միջոցառումներում, որոնց շրջանակում կայացել են Ալ Ջերոյի, Նինո Կատամաձեի, Ջորջ Բենսոնի, Տիգրան Համասյանի և այլ հանրահայտ երաժիշտների երևանյան համերգները։ Նա նշանակալի ներդրում է ունեցել դեռևս 2010թ.-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջուզեպպե Վերդիի հանրահայտ «Աիդա» օպերայի մեծածավալ պրեմիերայի իրականացման գործում։  

 

Վազգեն Պողոսյանը հանդիսանում է նաև Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Մեր գյուղը», «Հատուկ բաժին», «Շտապ օգնություն 3D», «ԱԻՆ 911» սերիալների գլխավոր պրոդյուսերը, ինչպես նաև «Վերածնվածը» /”Revival”/ գեղարվեստական ֆիլմի կրեատիվ պրոդյուսերը։ 

 

2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» համահիմնադիր է և խորհրդի անդամ։